ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Գավաթային խաղերում մոդա՞ է 120 րոպեն

Գավաթային խաղերում մոդա՞ է 120 րոպեն
24.05.2016 | 01:44

Ֆուտբոլային եվրոպական գերտերություններում ավարտվեցին նաև գավաթային կրքերը: Հինգից միայն մեկում հաղթողը որոշվեց իննսուն րոպեում, իսկ չորսից մեկում հարկ եղավ դիմել հետխաղյա տասնմեկմետրանոցների օգնությանը: Եթե իսպանական, իտալական, անգլիական, գերմանական, ֆրանսիական ֆուտբոլից չառանձնացնենք պորտուգալականը, ստիպված կլինենք փաստելու, որ 120 րոպեի ցավով տառապեց նաև վերջինիս գավաթայինը:

«ՄԻԼԱՆ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»


Սկուդետեում չեմպիոնությունը նվաճելուց հետո «Յուվենտուսը» մրցաշրջանը հաղթանակով եզրափակեց նաև գավաթի համար մրցակցությունում՝ դառնալով այս պատվավոր տիտղոսի տասնմեկակի տիրակալ: Իտալական թիմերից ցարդ ոչ մեկին ավելին չի հաջողվել անել: Գավաթում հաղթելով՝ «ծեր սինյորան», փաստորեն, մի նոր բնագիծ էլ նվաճեց: Մինչ այժմ իտալական ոչ մի թիմի չի հաջողվել երկու տարի անընդմեջ նման դուբլի հեղինակ դառնալ:
Իսկ հաղթական գոլը տրվեց դժվարությամբ, հանդիպման լոկ 110-րդ րոպեին: Հեղինակը փոխարինման ելած Մորատան էր, ով ընթացիկ մրցաշրջանում մեկ անգամ չէ, որ դարձել է հանգուցային գոլի հեղինակ: Հիրավի միայն հիանալ կարելի է այս տաղանդավոր ֆուտբոլիստով, ում երկու տարի առաջ Մադրիդի «Ռեալը» «Յուվենտուսին» զիջելու թեթևամտությունն ունեցավ ու, ինչ խոսք, որ պատրաստակամ է սխալն ուղղելու, սակայն դա անելն այնքան էլ դյուրին չի լինի, որովհետև հանուն Մորատայի, նշել ենք արդեն, պայքարի մեջ են մտել գրանդ ակումբներ (Լոնդոնի «Արսենալին» ավելացել է «Պարի Սեն Ժերմենը») ու պատրաստ են խելահեղ փողեր «թափելու»:
Սակայն դառնանք խաղին:
«Միլանը» լուրջ կռիվ տվեց, ու դա սպասված էր, քանզի, բացի այն, որ գավաթակիր դառնալը պատվաբեր էր ու է, ձախողած մրցաշրջանի համար երկրպագուի առաջ ինչ-որ չափով պարզերես դառնալու փորձ, այլև գալիք մրցաշրջանում Եվրոպայի լիգայում հայտնվելու միակ շանսն էր: Կռիվը՝ կռիվ, սակայն հաջողությանն ավելի մոտ էր «Յուվենտուսը», ում գրոհներն ավելի կատաղի էին: Որքան խաղը մոտենում էր ավարտին, այնքան ավելի պարզորոշ էր դառնում, որ հանդիպման ելքի հարցում «Միլանի» հույսը մնում է պատահական գոլը կամ այն հետխաղյա տասնմեկմետրանոցների հասցնելը: Չստացվեց: Վերն արդեն ասել ենք հանդիպման 110-րդ րոպեին եղածի մասին, որն էլ եղավ որոշիչ:

«ԿՐԻՍՏԱԼ ՊԱԼԱՍ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»
Ճակատագրի հայեցողությամբ, թե հեգնանքով այդ նույն 110-րդ րոպեն բախտորոշ եղավ նաև անգլիական գավաթայինում: Լինգարդի հարվածն անկասելի էր: Լուսատախտակի վրա վառված 2:1 հաշիվը մինչև խաղավարտ մնաց անփոփոխ, ինչը նշանակեց, որ տասներկու տարվա ընդմիջումից հետո «Մանչեստր Յունայթեդը» գավաթակիր լինելու երջանկությունն ունեցավ:
Իհարկե, ափսոսալ կարելի է «Պալասին», որովհետև թիմը պայքարեց մինչև վերջ ու առանձնապես ցավագին էր, որ գոլը բաց թողեց խաղացողների թվային գերազանցության ունենալու պայմաններում (տեղեկացնենք, որ հանդիպման առաջին գոլի հեղինակը «ապակեգործներն» էին ու ավելի քան ռեալ շանս ունեին 1990-ի գավաթային խաղում ունեցած ձախողման դիմաց վարձահատույց լինելու իրենց երկրպագուներին): Հանուն ճշմարտության ասենք նաև, որ Ալան Պարդյուի սաների կատարյալ դժբախտությունն էր, որ այդ օրը մանչեստրցիների դարպասին կանգնած էր հրաշքներ գործող Դավիդ դե Խեան:
Կարիք կա՞ ասելու, որ հաղթելու դեպքում «Կրիստալ Պալասի» առջև բացվում էին Եվրոպայի լիգայի դռները: Սակայն արի ու տես, որ նրա պարտությունն ու, ասել է թե, «Մանչեստր Յունայթեդի» հաղթանակն ավելի մեծ ծառայություն մատուցեցին անգլիական ֆուտբոլին. միանգամից երկու թիմ՝ «Սաուտհեմպտոնն» ու «Վեստ Հեմը» Եվրոպայի լիգայում հանդես գալու հնարավորություն ստացան: Ստացվում է, որ չկա չարիք առանց բարիքի:


«ԲԱՐՍԵԼՈՆ»-«ՍԵՎԻԼԻԱ»
Ակնկալել, թե կատալոնցիների հետ մրցավեճում «Սևիլիային» կհաջողվի խաղային իրավիճակն իր տոտալ վերահսկողության տակ առնել, միամիտ պատկերացումների շրջանից էր, քանզի այսօր աշխարհի գերհզոր ակումբներն անգամ զրկված են նման հաճույքից, սակայն խնդրի իրականացման նպաստավոր պահն ընձեռվեց հանդիպման արդեն իսկ 38-րդ րոպեին, երբ Մասկերանոն հեռացվեց խաղադաշտից, ու անդալուզցիները ռեալ հնարավորություն ստացան Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Սևիլիա» հանդիպման հաջողությունը կրկնելու: Այս առումով առանձնապես նպաստավոր էին հանդիպման 50 և 66-րդ րոպեները: Առաջինի ժամանակ գնդակը ցնցեց դարպասաձողը, երկրորդի ժամանակ Բուսկետսը գնդակը հանեց անպաշտպան մնացած դարպասից:
Հիմնական խաղաժամանակի ավարտին մոտ կողմերը խաղացողների թվով հավասարվեցին: Լրացուցիչ ժամանակի վեցերորդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո Ալբան բացեց հանդիպման հաշիվն ու... գնա՜ց խաղը: Չլինեին պաշտպանության վերջին գծում «Սևիլիայի» դարպասապահ Սերխիո Ռիկոյի հրաշագործությունները, հանդիպման ավարտական քսան րոպեն կատարյալ ողբերգության կվերածվեր անդալուզցիների համար, որովհետև «կացին ախպերն» իսկապես կատաղել էր: Ռիկոն որքան էլ փայլուն գործեց, այդուհանդերձ ևս մեկ անգամ հարկադրված էր գնդակը հանել դարպասից (Մեսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նեյմարը): 2:0, և «Բարսելոնը» առաջնության չեմպիոնական մեդալների հուսալի պահուստարան ունեցավ գավաթի տեսքով: Մի խոսքով՝ ոսկե դուբլ «Յուվենտուսի» հանգույն: ՈՒ՝ ոչ միայն:

«ԲԱՎԱՐԻԱ»-«ԲՈՐՈՒՍԻԱ»
ՈՒ ոչ միայն, քանզի ոսկե դուբլի հեղինակ դարձավ նաև «Բավարիան»: Բունդեսլիգայի գավաթակրին որոշելու համար հարկ եղավ օգտվելու հետխաղյա տասնմեկմետրանոցների ծառայությունից, որովհետև հանդիպման թե հիմնական, թե լրացուցիչ ժամանակը ոչ մեկին էլ առավելություն չբերեց: Տասնմեկմետրանոցներն իրացնելիս չասենք, որ առավել դիպուկ եղան բավարացիները (4:3), քանզի եթե փաստում ենք նրանց գավաթակիր դառնալը (ի դեպ՝ տասնութերորդ անգամ), նշանակում է, որ հենց նրանք էլ եղել են հաղթողը:

«ՄԱՐՍԵԼ»-«ՊԱՐԻ ՍԵՆ ԺԵՐՄԵՆ»
Ֆրանսիայի չեմպիոնը եվրոպական ֆուտբոլային գերտերություններից միակը եղավ, որ կարողացավ տեղավորվել խաղին հատկացված ավանդական իննսուն րոպեի մեջ: Ավելին՝ ՊՍԺ-ն եղավ գոլառատ՝ ոսկե դուբլի հասնելով 4:2 հաշվով (փաստորեն, ոսկե դուբլ չի գրանցվել միայն Անգլիայում): Իր տաղանդի երկրպագուներին Զլատան Իբրահիմովիչն ուրախացրեց երկու գոլով՝ սույնով իսկ վերջին տողերը գրելով իր մարզական կենսագրության պարիսենժերմենյան էջում: Ասում ենք՝ վերջին, որովհետև զարմանահրաշ շվեդը հեռանում է թիմից՝ ելնելով նոր նավարկության:

ՀԱՎԵԼՅԱԼ
Նյութի սկզբում ակնարկել էինք նաև պորտուգալական գավաթային մրցավեճի մասին: «Բրագա»-«Պորտու» դիմակայության հիմնական ժամանակն (2:2) ու օվերթայմն (0:0) ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, հարկ է եղել դիմելու հետխաղյա տասնմեկմետրանոցների օգնությանը, որտեղ ավելի դիպուկ է եղել «Բրագան» (4:2):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ